Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են երկրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գլխավոր փորձագետ Բեկա Մինդիաշվիլին և ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող Կոբա Չոպլիանին Ախլքալաքում հանդիպել են Սամցխե-Ջավախեթի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը։
Հանդիպման ընթացքում Խորհրդի ներկայացուցիչները Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին են փոխանցել «Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում հայկական բնակչության վիճակի բարելավման հրատապությունը և Եվրոպայի Խորհրդի առջև Վրաստանի պարտավորությունները» հուշագիրը՝ հայերեն և վրացերեն լեզուներով, ինչպես նաև նախկինում վրացի բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված և անպատասխան մնացած մի շարք նամակներ և փաստաթղթեր։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին հիմնականում հետաքրքրում էին հարցեր՝ կապված դպրոցների տնօրենների կարգավիճակի, հայերենի վիճակի, ինչպես նաև «Վիրք» կուսակցությանը գրանցելուց հրաժարվելու հետ։
Ամփոփելով երեքժամյա հանդիպման արդյունքները՝ գրասենյակի աշխատակիցները խոստացան, որ բարձրացված հարցերն անպատասխան չեն մնա։-0-