Գազպրոմբանկը ծրագրում է դուրս գալ հայկական շուկա. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Գազպրոմբանկը, ծրագրում է դուրս գալ հայկական ֆինանսական շուկա, հինգշաբթի լրագրողներին հայտնեց բանկային շրջանակներից մի աղբյուր։
Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է Հայաստանում բանկ ձեռք բերելու մասին։ Աղբյուրը չճշտեց գործարքի կնքման հավանական ժամկետները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Ներկայում Գազպրոմբանկը մասնակցում է մեկ արտասահմանյան բանկի՝ Բելգազպրոմբանկի (Բելոռուսիա) կապիտալում։ Նրան է պատկանում բելոռուսական վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի 33,91%-ը։ Նման մասնաբաժին ունի նաև «Գազպրոմ» ԲԲԸ-ն, մնացած արժեթղթերը պատկանում են բելոռուսական կողմին։
Զրուցակիցը լրագրողներին հայտնեց նաև, որ, ըստ նրա տեղեկությունների, Գազմպրոմբանկը դադարեցրել է բանակցությունները՝ Ուկրաինայում բանկ ձեռք բերելու ուղղությամբ։
Գազպրոմբանկը հիմնադրվել է 1990թ. և ներկայում բոլոր հիմնական ցուցանիշներով մտնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակի մեջ։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերի ցուցակում Գազպրոմբանկը զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Նրա ակտիվները 2007թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1,088 տրիլիոն ռուբլի, սեփական կապիտալը՝ 88,3 միլիարդ ռուբլի։ Գազպրոմբանկի բաժնետերերն են «Գազֆոնդ» ոչպետական կենսաթոշակային հիմնադրամը (50% գումարած մեկ արժեթուղթ), «Գազպրոմ» ԲԲԸ-ն (41,73%) և Գազպրոմբանկի դուստր ձեռնարկություն «Նովֆինտեքս» ԲԲԸ-ն (8,27%). –0—