ԱՄՆ-ը 3 մլն. դոլարի զինվորական հանդերձանք է տրամադրել ՀՀ ՊՆ խաղաղապահ գումարտակին

01.08.2007, 13:40
ԱՄՆ-ը 3 մլն. դոլարի զինվորական հանդերձանք է տրամադրել ՀՀ ՊՆ խաղաղապահ գումարտակին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է տրամադրել` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զինվորական հանդերձանք և սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3 մլն. դոլար։

Ինչպես չորդեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, հանդերձանքը նախատեսված է ՀՀ ՊՆ-ի 12-րդ գումարտակին։

«Ամերիկյան զինվորական հանդերձանքը տրամադրվել է ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում` 8 մլն. դոլարի օժանդակություն նախատեսող ծրագրի համաձայն, որն ուղղված է մինչև 2009թ. ՆԱՏՕ-ի կառույցների հետ փոխգործակցելի խաղաղապահ գումարտակ ստեղծելու ՀՀ կառավարության կողմից նախանշված նպատակի իրականացմանը», - տեղեկացրել է դեսպանատան աղբյուրը։

Մոտ ապագայում մնացած լրացուցիչ բեռները ստանալուց հետո, գումարտակը մինչև տարեվերջ ամբողջությամբ ապահովված կլինի ԱՄՆ և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող հանդերձանքով և սարքավորումներով։

Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին մասնակցում են հունական գումարտակի կազմում  2004 թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում՝ լեհական դիվիզիայի կազմում 2005 թ.-ի հունվարի 25-ից։

Ինչպես հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության բաժնի պետ, փոխգնդապետ Դագ Պիտերսոնը, ՀՀ խաղաղապահ գումարտակին երբևէ տրամադրվածներից այս անգամ ժամանած ամերիկյան զինվորական հանդերձանքի խմբաքանակն ամենախոշորն է:   

Ստացված բեռն ընդգրկում է անապատային համազգեստներ և հագուստ, կիսաճտքավոր կոշիկներ, թիկնապայուսակներ, պաշտպանիչ դիմակներ, դաշտային հանդերձանք, բժշկական միջոցներ, տաք հագուստ և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներ:

Պիտերսոնը նաև նշել է, որ 2008թ. համար նախատեսված ԱՄՆ ռազմական օգնությունն ուղղված կլինի Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծմանը և 2007 թ.-ի Հայաստանին տրամադրված դաշտային հոսպիտալի տեխնիկական համալրմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության բաժինը ձգտում է խթանել պաշտպանության ոլորտում Հայաստանին ԱՄՆ կառավարության և արդյունաբերության կողմից օժանդակության ցուցաբերումը: Բաժինը գործում է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի և Շտուտգարտում տեղակայված` ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո:-0-