Հայաստանում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել ինտելեկտուալ խաղերին

30.07.2007, 18:08
Հայաստանում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել ինտելեկտուալ խաղերին
Հայաստանում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել ինտելեկտուալ խաղերին

Հայաստանում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ինտելեկտուալ խաղերի զարգացմանն ու տարածմանը։ Այս մասին երկուշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց  «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը։ Այս թիմը լավ արդյունքների է հասել Վրաստանում անցկացված Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 9-րդ առաջնությունում։

 «Ինտելեկտուալ խաղերի զարգացման համար մեր կառավարությանից մեծ ծախսեր չեն պահանջվի , քանի որ ունենք բավականին մեծ ներուժ։ Մեզ մոտ կան բարձր կարգի մի շարք խաղացողներ՝ Լևոն Գրիգորյան, Հասմիկ Գարյակա, Տիգրան Մաղաքյան, որոնք կարող էին ներկայացվել գիտակների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» էլիտար ակումբում, բայց չկան անհրաժեշտ ֆինանսական հնարավորություններ»,- ընգծեց Քոչարյանը։

«Մեր հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում ինտելեկտուալ խաղերի շարժումը չունի մշտական ֆինանսավորում»,- նշեց Քոչարյանը։ Նրա խոսքերով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը ֆինանսավորում է «DAF-РПА» թիմին, Մ.Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանը այս տարի ստանձնել է իր թիմի ֆինանսավորումը, «բայց այդ գործընթացն ավելի շուտ պատահական բնույթ է կրում»։

Նրա խոսքերով, «Պերեզագրուզկա» թիմն, օրինակ, սկսած 2003թ.-ից Հարավային Կովկասի առաջնություններին մասնակցում է բացառապես սեփական միջոցներով։

Իր հերթին «Հայաստան» թիմի անդամ Արայիկ Ավետիսյանը հավելեց, որ այս հարցում Հայաստանը զգալիորեն զիջում է Ադրբեջանին, որտեղ ինտելեկտուալ խաղերի ֆինանսավորմանը պետությունը տարեկան 150-200 հազ. ԱՄՆ դոլար է հատկացնում։

«Հայաստանում իրավիճակն այս ոլորտում սփոփիչ չէ, այն դեպքում, երբ մեր հանրապետության վարկանիշը բարձրացնելու համար մենք պետք է մասնակցենք Ռուսաստանում անցկացվող ինտելեկտուալ խաղերին»,- նշեց Ավետիսյանը։

Ինտելեկտուալ խաղերի հայկական թիմերը հաղթանակ են տարել հուլիսի 20-ից 22-ը Քոբուլեթիում (Վրաստան) տեղի ունեցած՝ Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 9-րդ առաջնության չորս հիմնական անվանակարգերից երեքում։

Հայաստանը ներկայացնում էին հետևյալ թիմերը. «ԱՍՍԱ» (ավագ՝ Արմեն Ստեփանյան), «DAF-РПА» (Լևոն Նիկողոսյան), «Գլյուկի» (Կարեն Հովհաննիսյան), «Մեդիկուս-Հայաստան» (Էմիլ Միրզոյան) և «Պերեզագրուզկա» (Տիգրան Քոչարյան)։

Հարավ-կովկասյան առաջնությանը, որն անցնում էր չորս անվանակարգերով՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Քո խաղը» և «Էրուդիտ-սեկստետ», մասնակցում էին նաև 15 վրացական և 8 ադրբեջանական թիմեր։ –0—