ՀՀ ԱԳ նախարարը ավարտեց աշխատանքային այցը Վրաստան
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ավարտեց իր եռօրյա աշխատանքային այցը Վրաստան։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ավարտելով աշխատանքային այցը Օսկանյանը շաբաթ օրը այցելել է Ջավախքի Ախալցխա քաղաքը և հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների ու երիտասարդական թևի ակտիվի հետ։
Ախալքալակում ՀՀ ԱԳ նախարարը այցելել է Սուրբ Խաչ եկեղեցին, հանդիպել Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանից ընտրված ազգությամբ հայ պատգամավորների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Հանդիպման ընթացքում պաատսխանելով ներկաների բազմաթիվ հարցերին նախարարը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-վրացական հարաբերություններն ու առաջիկա երկկողմ ծրագրերը», - նշեցին ԱԳՆ-ում։
Օրվա երկրորդ կեսին նախարար Օսկանյանը հանդիպել է Լոռու մարզ այցելած, Վրաստանում հավատարմագրված, տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանի նախաձեռնած՝ Վրաստանում հավատարմագրված դիվանագետների այցի նպատակն էր Լոռու մարզի մշակութային ժառանգությանը, նաև արտադրական ձեռնարկություններին ծանոթանալը։
Այցելության ընթացքում դիվանագետները Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց և Գուգարաց թեմերի առաջնորդների ուղեկցությամբ այցելել են Հաղպատի վանք և Սանահին եկեղեցի, եղել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, Սանահին գյուղում այցելել Անաստաս և Արտեմ Միկոյանների տուն-թանգարան։ --0—

