«Արմավիա» ավիաընկերությունը բացել է Երևան-Քյոլն-Երևան նոր չվերթ

27.07.2007, 19:09
«Արմավիա» ավիաընկերությունը բացել է Երևան-Քյոլն-Երևան նոր չվերթ

«Արմավիա» ավիաընկերությունը բացել է Երևան-Քյոլն-Երևան նոր չվերթը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց ընկերության սեփականատեր Մախաիլ Բաղդասարովը։

«Ընկերության մոտակա ծրագրերից է Չինաստան և Ճապոնիա չվերթերի բացումը»,- տեղեկացրեց նա։

Մրիաժամանակ Բաղդասարովը նշեց, որ ընկերությունն ի վիճակի է թռիչքներ կազմակերպել ԱՄՆ, մասնավորապես, Լոս-Անջելես։ Նա հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել այդ ծրագրին և հիմա բանակցություններ են վարվում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև՝ համապատասխան պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Նրա գնահատականով, «Արմավիան» թույլատրություն ստանալուց երեք ամիս հետո պատրաստ կլինի սկսել թռիչքները։

«Մեր կողմից որևէ բարդություն չկա. դա ձեռնտու կլինի թե մեզ, թե ԱՄՆ-ի մեծաքանակ սփյուռքի համար»,- հավելեց Բաղդասարովը։

ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 1,5 մլն. հայ, որոնցից 1 միլիոնը՝ առավել հայաշատ Կալիֆորնիա նահանգում։

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996-ի դեկտեմբերի 12-ին։ 2005-ի հունիսից ավիաընկերության 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովը։--0—