Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ Օպերայի այգում իրականացովղ շինարարական աշխատանքների դեմ

Երևանի Օպերայի այգում՝ Կարապի լճի հարևանությամբ կանգնեցված Ա.Բաբաջանյանի արձանի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ իրականացվող շինարարական աշխատանքների դեմ։
Ինչպես հաղորդեց Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի փոխնախագահ Կարինե Դանիելյանը, Կարապի լճի մոտի շինարարական փոսը կար դեռևս մեկ ամիս առաջ, սակայն դրա սեփականատիրոջը այդպես էլ չհաջողվեց գտնել։
«Մոտ մեկ ամիս առաջ մենք հայտնաբերեցինք փոսը և մեկ ամիս շարունակ փորձում ենք գտնել սեփականատիրոջը, սակայն մեր որոնումներն այդպես էլ ապարդյուն անցան, քանի որ ոչ քաղաքապետարանը, որ համայնքապետարանները տեղյակ չեն»,- նշեց Դանիելյանը։
Նրա խոսքերով, «դա Հայաստանում վոլյունտարիզմի, բնապահպանական մշակույթի և հասարակական կարծիքի արհամարհանքի բարձրակետն է»։
«Մենք բողոքում ենք մեր քաղաքը բնապահպանական աղետի գոտու վերածելու դեմ։ Վերջին տասնամյակներում մեր աչքի առջև շինարարական բիզնեսը ծրագրված ոչնչացնում է մեր մայրաքաղաքի կանաչ տարածքները և պատմա-մշակութային հուշարձանները՝ այն վերածելով ասֆալտբետոնե անապատի»,- ընդգծեց Դանիելյանը։
Բուսաբանական ասոցիացիայի փոխնախագահ Գոհար Օգանեսովան իր հերթին կոչ արեց համաքաղաքացիներին ավելի ակտիվ լինել՝ «Երևանի դեմ ուղղված անօրինական գործողություններին վերջ տալու համար»։
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ակտիվ քաղաքացի լինի։ Միայն այդ դեպում մեզ կհաջողվի կանխել մեր քաղաքի դեմ ուղղված անօրինական գործողությունները։ Եթե այսօր մենք չպաշտպանենք մեր ապագան, մենք այն կարող ենք չունենալ», - ասաց նա։
Մամուլի ասուլիս-հանրահավաքի կազմակերպիչն էր Երևանի հասարակական բնապահպանական կոալիցիան, որի մեջ համախմբված է 32 հասարակական կազմակերպություն։--0—