Հայաստանում հերքում են օգոստոսի սկզբին ՄՃԽ զեկույցի հրապարակման մասին տեղեկատվությունը

Տեղեկատվությունը՝ օգոստոսի սկզբին Միջազգային ճգնաժամային խմբի` Լեռնային-Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ զեկույցի հրապարակման մասին, ճիշտ չէ։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Լևոն Զուրաբյանը։
«Որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը ստույգ չէ՝ զեկույցի պատրաստման ժամանակի առումով։ Չեմ կարող հաստատել, որ օգոստոսի սկզբին այն պատրաստ կլինի»,- ասաց նա։
Զուրաբյանի խոսքերով, ներկայում ՄՃԽ-ն պատրաստում է հերթական զեկույցը, և երբ այն պատրաստ կլինի, դժվար է ասել։ Նա չցանկացավ նաև ճշգրտել այն դրույթները, որոնք մտնելու են զեկույցի մեջ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ՄՃԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ թվով երրորդ զեկույցը հրապարակվելու է օգոստոսի սկզբին։
Ըստ ՄՃԽ-ի կովկասյան գրասենյակի մենեջեր Դաթո Չոչիայի տեղեկությունների, զեկույցը գտնվում է ավարտական փուլում և կտեղակայվի կառույցի վեբ-կայքում. «Մենք անմիջապես կտպագրենք զեկույցի անգլերեն տարբերակը և զուգահեռաբար կանցնենք ռուսերեն տարբերակի մշակմանը»։
Չոչիան հայտնեց, որ ՄՃԽ զեկույցը կներկայացվի պետությունների ղեկավարներին, կառավարությունների անդամներին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։
Զեկույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետաքննումը, 2004թ.-ից մեկնարկած փարիզյան գործընթացի հատուկ վերլուծությունը։ Զեկույցում հետազոտվում է նաև Ադրբեջանի տնտեսական զարգացման և նավթային շահույթների ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա։
ՄՃԽ-ն 2005թ. ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու զեկույց է պատրաստել։ Առաջին փաստաթղթում ուշադրության կենտրոնում էին ԼՂՀ բնակիչների, ինչպես նաև Ղարաբաղից Ադրբեջան տեղափոխված անձանց կենսապայմանների հետ կապված հարցերը։
Երկրորդ զեկույցի առանցքը բանակցային գործընթացն է, որտեղ մանրամասնորեն շոշափված է փարիզյան գործընթացի թեման, որը 2004թ.-ից շարունակվում է մինչ օրս։--0—