ՀՀ կառավարությունը հաստատել է 2007-2015թթ. Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ՀՀ կառավարությունը հաստատեց 2007-2015թթ. Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը և դրա իրագործման համար պահանջվող միջոցառումների ժամանակացույցը։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը։
«Ծրագրի նպատակն է բարելավել երկրում ծնելիության ցուցանիշները և բարենպաստ պայմաններ ստեղծել՝ առողջ մայրության և մանկության համար», - ասաց Դարբինյանը։
Նրա խոսքերով, ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է հասնել 80-90-ական թթ. ծնելիության մակարդակին, ինչը նշանակում է՝ տարեկան 70-80 հազար նորածին՝ ներկայիս 40 հազարի դիմաց։
Փոխնախարարը նշեց, որ ժողովրդագրական ցուցանիշների նվազումը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների արդյունք է։ Նրա խոսքերով, Հայաստանում նախկինում գրանցված բարձր ցուցանիշները պայմանավորված էին ոչ հայ բնակչության շրջում բարձր ծնելիության գործոնով։
«Հայ ընտանիքներում ընդունված չէ երկուսից ավելի երեխա ունենալ, և դա չի կարող բերել բնակչության բնական աճի», - ասաց փոխնախարարը։
Իր հերթին, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ցածր ժողովրդագրական ցուցանիշների մեկ այլ գործոն է այն, որ վերարտադրողական տարիքի շատ կանայք երեխա են ծնում Հայաստանի սահմաններից դուրս։
Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրի նպատակներն են, մասնավորապես, նախածննդաբերական վերահսկողության ցուցանիշների բարձրացումը, մայրական մահացության մակարդակի, վերարտադրողական օրգանների ուռուցքային հիվանդությունների դեպքերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, չբերության, հղիության արհեստական կանգնեցման կրճատումը։
Ծրագրի արժեքն է 8,6 միլիոն ԱՄՆ դոլար։ Միջոցները կտրամադրվեն դրամաշնորհների տեսքով՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Մանկական հիմնադրամի, ՄԱԿ Ազգաբնակչության զարգացման հիմնադրամի. Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի կողմից։ --0—