Հոկտեմբերին Հայաստանում կկայանա «Հայ և վրացի երիտասարդության երկխոսություն» համաժողովը

«Հայ և վրացի երիտասարդության երկխոսություն» համաժողովը կկայանա 2007-ի հոկտեմբերին՝ Հայաստանում անցկացվող «Համահայկական համաժողովի և Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում ու Արցախում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հաղորդեց Համահայկական համաժողովի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։
Նրա խոսքերով, քննարկման հիմնական թեման կդառնա ռուս-վրացական լարված հարաբերությունների ազդեցությունը Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների վրա։
«Մեր երկրները դարերով պահպանել են բարեկամական հարաբերություններ։ Վրաստանի և Ռուսաստանի լարվածությունը չպետք է ազդի Հայաստանի վրա, և մենք ցանկանում ենք, որ հենց երկու երկրների երիտասարդությունը քննարկի այդ խնդիրը»,- նշեց Վ. Աղայանը։
Նա ասաց նաև, որ 2007-ի հուլիսին Հայաստանում տեղի ունեցած «21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդությունը» համաժողովում առաջարկ է ներկայացվել համաժողովին Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներին ևս մասնակից դարձնելու մասին։
«Մենք ծրագրում ենք համատեղ ջանքերով մշակել փաստաթուղթ, որը հետո կուղարկենք մեր երկրների կառավարություններին՝ բարիդրացիական հարաբերությունների պահպանման նպատակով»,- նշեց Վ. Աղայանը։—0—