Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննում է Հայաստանում պետական կարիքների համար սեփականության օտարման նորմերի խախտման 18 գործ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննվում է Հայաստանում պետական և հասարակական կարիքների համար սեփականության օտարման նորմերի խախտման 18 գործ։ Այս մասին չորեքշաբթի «Պետական կարիքների զոհեր» սեմինարի ընթացքում հայտարարեց G&I ԲԲԸ-ի իրավաբան Արթուր Գրիգորյանը։
«Երևանի կենտրոնական փողոցների՝ իրենց տներից վտարված բնակիչների խնդիրը վերածվել է ազգային խնդրի», - ասաց նա։
Իրավաբանի կարծիքով, այս խնդիրները չեն կարող լուծում ստանալ Հայաստանում, և «տուժածների վերջին հույսը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն է»։
«Հայ դատավորները այս գործերով որոշումներ են կայացնում միայն այն անձանց օգտին, ովքեր նախկին բնակելի տների տեղում էլիտար շենքերի շինարարական աշխատանքներ են իրականացնում», - ավելացրեց իրավաբանը։
Միաժամանակ նա նշեց, որ այս պահի դրությամբ Եվրոդատարան ներկայացված պետական և հասարակական կարիքների համար սեփականության օտարման նորմերի խախտման գործերից մեկի վերաբերյալ որոշումն արդեն ընդունված է։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանի ընդունած որոշման համաձայն, Երևանի բնակիչ Գ. Չխլյանին, որը նախկինում բնակվում էր նորակառույց Հյուսիսային պողոտայի տարածքում, Հայաստանի կառավարությունը լրացուցիչ վճարել է 150 հազ դոլարի չափով փոխհատուցում՝ արդեն վճարած 47 հազ. դոլարից բացի։
Հիշեցնենք, որ Եվրոդատարանի փորձագետները Չխլյանի բնակարանը գնահատել են 190 հազ. դոլար, մինչդեռ հայկական կողմի գնահատմամբ այն արժեր 47 հազ. դոլար։
Սեմինարի կազմակերպիչն է «Պետական կարիքների զոհեր» հասարարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ։
Կառավարությունը 2001թ.-ից սկսեց Երևանի Հյուսիսային և Գլխավոր պողոտաների, ինչպես նաև կենտրոնական փողոցների բնակիչների բնակարանների հարկադիր օտարումը, ինչի արդյունքում մարդկանց մոտ առաջացան դժգոհություններ՝ կապված բնակտարածքների փոխհատուցման չափի հետ։ Իրենց բնակարանները հարկադրաբար լքած քաղաքացիները հաճախ իրենց դժգոհությունն արտահայտում են հանրահավաքների տեսքով։--0—