Ուկրաինայում ՝գնացքի վթարի վայրում հավաքվել է մոտ 900 կգ բյուրեղացած ֆոսֆոր
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի Լվովյան շրջանում տեղի ունեցած տեխնոգեն վթարի վայրում, որտեղ հուլիսի 16-ին շրջվել և այրվել էին ֆոսֆորով լի ցիստեռններ, հավաքվել է մոտ 900 կգ բյուրեղացած ֆոսֆոր, չորեքշաբթի հաղորդեց «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։
Վթարի վայրում՝ Բուսսկի շրջանի Օժիդով գյուղի մոտակայքում, պատրաստվել է ամբարտակ՝ կեղտաջրերի հավաքման համար, իրականացվում են թունավոր նյութերով աղտոտված տարածքի վերամշակման աշխատանքներ։
Արտակարգ պատահարի գոտում իրավիճակը լիարժեք վերահսկվում է, ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության մեջ։
Բարձրացված և երկաթե հենահարթակի վրա են բեռնված շրջված բոլոր 15 ցիստեռնները, վթարի վայրում վերականգնված է երկաթուղու աշխատանքը։
Լվովյան շրջանի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է անցնում տեխնոգեն վթարից տուժած 120 մարդ, որոնցից 32-ը երեխաներ են, իսկ 14-ը՝ փրկարարներ, որոնք մարում էին կրակը։ ԱԻՆ տվյալներով՝ նրանց վիճակը բավարար է։--0--