Բարոնուհի Քերոլայն Քոքսը ողջունել է Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացումը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունների անցկացումը։ Այս մասին նա հայտարարել է երեկ Ստեփանակերտում իր գլխավորած պատվիրակության և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ. պատվիակության կազմում են ամերիկացի և բրիտանացի մտավորականներ և ուսանողներ։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, բարոնուհին նշել է, որ միջազգային մակարդակով ընտրությունները ճանաչվել են ազատ և արդար։
Հանդիմպան ընթացքում Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Ղուլյանը ներկայացրել է հանրապետության քաղաքական և տնտեսական իրավիճակը ետպատերզամյան շրջանում, ինչպես նաև շոշափել է երկրում պետական շինարարության ընթացքին վերաբերող հարցեր։
«Այս հանդիպումը տեղի է ունենում Ղարաբաղի համար կարևոր ժամանակաշրջանում։ Ընդամենը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին՝ ընտրությունների ժամանակ հերթական անգամ ապացուցելով իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին», - նշել է Ա. Ղուլյանը։
Հուլիսի 19-ի ընտրությունների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ ընտրվեց ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը։
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂՀ Սահմանադրությանը, հանրապետության գյուղատնտեսության զարգացման ուղիներին, ներդրումային քաղաքականությանը և այլ հարցերի։
Ամերիկացի և բրիտանացի մտավորականների պատվիրակությանը Ստեփանակերտում ընդունել է նաև ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը և Հայ Առաքելայան եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը։
Բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է նաև ԼՂՀ Զոհված ազատամարտիկների ազգականների միության գրասենյակ, որտեղ միության նախագահ Գալինա Առուստամյանը բարոնուհուն է հանձնել ընկերության «Մայրական պատգամ» շքանշանը։
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Ստեփանակերտի՝ բարոնուհու անունը կրող Վերականգնողական կենտրոն, ինչպես նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։
Բարոնուհի Քերոլայն Քոքսի այցը Լեռնային Ղարաբաղ թվով 63-րդն է։--0—

