Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայումը Արևելյան Եվրոպայում ուղղված է Ռուսաստանի դեմ

24.07.2007, 19:12
Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայումը Արևելյան Եվրոպայում ուղղված է Ռուսաստանի դեմ

ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը Արևելյան Եվրոպայում ուղղված է Ռուսաստանի դեմ, կարծում է Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին։

«Ռուսաստանի կողմից ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայմանը դիմակայելու պատճառները պետք է փնտրել ամերիկացիների իրական մտադրությունների մեջ։ ԱՄՆ-ը, շահարկելով տարբեր վտանգներն ու կեղծ սպառնալիքները, ձգտում է ընդհուպ մոտենալ Ռուսաստանի սահմաններին, այդ պատճառով էլ ամերիկացիների գործողություններն ունեն ընգծված հակառուսական բնույթ»,- երեքշաբթի իրանցի դիվանագետի խոսքերը հաղորդեց «Մեհր» լրատվական գործակալությունը։

Սաֆավիի կարծիքով, ամերիկյան վարչակազմի ծրագրերի իրականացումը կարող է խախտել Արևմուտք-ՌԴ ռազմական հավասարակշռությունը։

«Վերջին ամիսներին ռուսական կողմը տարբեր ուղիներով փորձում է ազդել Վաշինգտոնի այդ որոշման վրա, բայց իրականությունն այն է, որ Արևմուտքը չի ցանկանում իր կողքին տեսնել ուժեղ և անկախ Ռուսաստան և ձգտում է ենթարկել նրան իր ցանկություններին»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ կարծում է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

Վաշինգտոնը ծրագրում է ՀՀՊ ռադար տեղակայել Չեխիայում և հակահրթիռներ՝ Լեհաստանում՝ բացատրելով դա Իրանի կողմից առկա սպառնալիքով։ Իսկ Մոսկվան ԱՄՆ փաստարկները ոչ համոզիչ է համարում և  ռուսական սահմանի մոտ ՀՀՊ տեղակայումը դիտարկում է որպես սպառնալիք՝ իր ազգային անվտանգությանը։

Ռուսաստանը ԱՄՆ-ին, որպես այլընտրանք, առաջարկել է ՀՀՊ նպատակների համար համատեղ օգտագործել Գաբալայի ՌԼԿ-ն, որը Ռուսաստանը վարձակալում է Ադրբեջանից։ Ռուսական կողմի կարծիքով, դա ԱՄՆ-ին թույլ կտա հրաժարվել ՀՀՊ տարրերի տեղակայումից Արևելյան Եվրոպայում։ Ավելի ուշ Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկեց նաև համատեղ օգտագործել Ռուսաստանի հարավում կառուցվող կայանը։–0—