Հայաստանը կօգտագործի Ռումինիայի փորձը՝ բանակի բարեփոխման ոլորտում

2007թ.-ին հայկական պատվիրակությունը կայցելի Ռումինիա՝ այդ երկրի զինված ուժերի բարեփոխման փորձին ծանոթանալու նպատակով։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, 2007թ.-ին երկկողմ զինվորական համագործակցության ծրագրով նախատեսված այդ այցի մանրամասները քննարկվել են հինգշաբթի՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուի հանդիպման ժամանակ։
Հայկական պատվիրակությունը ծրագրում է ուսումնասիրել Ռումինիայի փորձը՝ զինված ուժերում քաղաքացիական տարրի ներմուծման, պաշտոնաթող կադրերի վերապատրաստման և նրանց քաղաքացիական կյանք վերադարձնելու ուղղությամբ։ Ուսումնասիրվելու է նաև զորամասերի և դրանց ենթակառուցվածքների փակման, զինտեխնիկայի և ռազմամթերքի ոչնչացման ծախսերի գնահատման ռումինական փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
Հանդիպման ավարտին կողմերը կարծիքներ են փոխանակել՝ Հայաստանի զինված ուժերի բարեփոխման մասին։–0—