ՀՀ պաշտպանության նախարարությունը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ստորագրեցին 2007թ. համագործակցության ծրագիրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ստորագրեցին մարդասիրական իրավունքի ոլորտում 2007թ. համագործակցության ծրագիրը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ծրագիրը ստորագրվել է չորեքշաբթի՝ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Իվ Առնոլդի կողմից։
Ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է հնգօրյա դասընթացներ ՀՀ ԶՈՒ սպաների համար, ՀՀ ԶՈՒ սպաների մասնակցությունը «Սենեժ» 45-րդ և 47-րդ դասընթացներին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմի մասնակցությունը «Գեներալ Սկոբելև» 8-րդ մրցաշարին։
Ծրագիրը նաև նախատեսում է միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի ներկայացում ՀՀ ԶՈՒ զորավարժությունների ընթացքում, միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող ուսումնական նյութերի պատրաստում և հրապարակում, պարբերաբար հանդիպումներ ՀՀ ՊՆ և Միջազգային մարդասիրական իրավունքի աշխատանքային խմբերի հետ:
Հանդիպման ավարտին Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Իվ Առնոլդին` արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա առաքելություններում: Իվ Առնոլդը նախարարին ներկայացրեց հայաստանյան վերոնշյալ պատվիրակության նորանշանակ ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին:
Նախարարը հույս հայտնեց, որ նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ևս կշարունակվեն այն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել նախկինում և էլ ավելի կընդլայնվի երկուստեք համագործակցությունը:--0--

