Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հաստատեց տարածաշրջանային խոշոր իրադարձության` իր կարգավիճակը

16.07.2007, 19:53
Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հաստատեց տարածաշրջանային խոշոր իրադարձության` իր կարգավիճակը
Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հաստատեց տարածաշրջանային խոշոր իրադարձության` իր կարգավիճակը

«Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի ունեցավ Երևանում հուլիսի 9-14-ը, վերահաստատեց տարածաշրջանային մակարդակի խոշոր մշակութային միջոցառման իր կարգավիճակը։

Դրա ապացույցը ոչ միայն հայտերի ամենամյա աճն է, այլև այդ՝ հիրավի նշանակալի իրադարձության,  մասնակից-երկրների աշխարհագրության ընդլայնումը։

Այսպես, այս տարի փառատոնի կազմկոմիտեն ստացել էր 350 հայտ՝ 53 երկրներից, սակայն մրցութային ծրագրին մասնակցելու համար խստապահանջ ժյուրին ընտրել էր 10 խաղարկային և 14 վավերագրական ֆիլմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Ավստրիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Հոլանդիայից, Խորվաթիայից, Կանադայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Բելգիայից, Ռումիանիայից։

Մրցույթից դուրս կազմակերպվեց նաև «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագիրը, որտեղ ընդգրկվեցին հայ երիտասարդ ռեժիսորների ֆիլմերը։

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան մի շարք արտամրցութային ծրագրեր, մասնավորապես, արդեն ավանդական դարձած՝ «Ռեժիսորներ առանց սահմանների» սեմինարը, ֆրանսիական ֆիլմերի փառատոնը, ինչպես նաև փառատոնի պատվավոր հյուրեր Ջաֆար Փանահիի (Իրան), Լեոս Կարակասի, Բրունո Դյումոնի և Չեկի Կարիոյի (Ֆրանսիա), Անդրեյ Զվյագինցևի (Ռուսաստան), Չանգ Դոնի (Կորեա)  վարպետության դասընթացները։

Ինչպես նախկինում հայտարարել էր «Ոսկե ծիրանի» հիմնադիր և տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կազմկոմիտեն փորձել էր ընտրել համաշխարհային մակարդակի լավագույն ֆիլմերը։ Նա նաև ընգծել էր, որ փառատոնի անցկացումը լուրջ պետական և մշակութային քաղաքականություն է։

«Փառատոնը ծառայում է ոչ միայն զվարճանքին և ժամանցին, այլև դաստիարակչական գործառույթ ունի, այդ պատճառով էլ կինոթատրոնների դռները պետք է բաց լինեն հանդիսատեսի ավելի լայն շրջանակի համար»,- ասել է Խաչատրյանը։

ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով, «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կարևոր դեր ունի հայկական կինոարվեստի զարգացման գործում և հանրապետության ամենակայացած մշակութային իրադարձություններից մեկն է։

Նա կարևորեց փառատոնի շրջանակներում կինոյի աշխարհահռչակ գործիչների   վարպետության դասընթացները, ինչպես նաև փորձի փոխանակմանը նպաստող քննարկումները։  

Նախարարը նաև ավելացրեց, որ չորս տարիների ընթացքում փառատոնը ակտիվորեն զարգանում է՝ մասնակիցների որակի և քանակի տեսանկյունից։

«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց հուլիսի 9-ին՝ հայտնի իտալացի  կինոռեժիսորներ Պաոլո և Վիտտորիո Տավիանի եղբայրների՝ Հայոց մեծ եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմի երևանյան ցուցադրությամբ։

Փառատոնի փակումը տեղի ունեցավ հուլիսի 14-ին՝ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Վտարում» ֆիլմի ցուցադրությամբ։

Ժյուրիի որոշմամբ, «Խաղարկային կինո» անվանակարգում «Ոսկե ծիրան-2007» փառատոնի հաղթող ճանաչվեց և 2 միլիոն դրամ (մոտ 6 հազ. դոլար) դրամական պարգև ստացավ Ուլրիխ Զայդլյայի «Ներմուծում-արտահանում»՝ ավստրո-ֆրանսիական արտադրության ֆիլմը։

Ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի (Հայաստան) «Մարդկային պատմություն՝ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմն արժանացավ 1 մլն դրամ (շուրջ 3 հազ. ԱՄՆ դոլար) առաջին մրցանակի՝ «Վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կարլա Կարապետյանի (Մեծ Բրիտանիա) «Ճչացողները» ֆիլմը։

Այս տարի մասնակիցների համար նախատեսված էր «Կենաց ծառ» հատուկ մրցանակ, որը շնորհվեց «Ճաշի ժամը» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր Գոռ Բաղդասարյանին (Հայաստան)։ Փառատոնի կազմակերպիչների մտահղացմամբ՝ անակնկալ մրցանակը (500 հազ դրամ) որոշվեց հետևյալ ձևով. դահլիճում գտնվող երեխաներից մեկը պոկեց բեմում տեղակայված ծառին կապված ժապավեններից մեկը, որի վրա գրված էր ֆիլմի անունը։  

--0--