Հայաստանում ավարտվեց ուսուցիչների օպտիմալացման ծրագիրը

13.07.2007, 19:42
Հայաստանում ավարտվեց ուսուցիչների օպտիմալացման ծրագիրը

Հայաստանում ավարտվեց «Դպրոցական կոլեկտիվի օպտիմալացում և սոցիալական աջակցություն» ծրագրի իրագործումը։ Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Զբաղվածության ազգային ծառայության ղեկավար Սոնա Հարությունյանը։

«2003թ.-ին սկսված դպրոցական կրթության օպտիմալացման ծրագրի հետ կապված՝ մեծ թվով ուսուցիչներ մնացին առանց աշխատանքի, և պետության առջև խնդիր ծառացավ՝ կրճատումների տակ ընկած ուսուցիչներին աջակցել վերաորակավորվել և հավելյալ դրամական օգնություն ստանալ։ Հենց դա էլ իրագործվեց «Դպրոցական կոլեկտիվի օպտիմիլացում և սոցիալական աջակցություն» ծրագրով»,- ասաց նա։

Սոնա Հարությունյանի խոսքերով, ծրագրի շնորհիվ 518 մասնակիցներ նոր մասնագիտություն ձեռք բերեցին և նոր աշխատանք գտնելու հնարավորություն ստացան։

Ծրագրի շրջանակներում 5036 ուսուցիչներ խորհրդատվություն ստացան զբաղվածության գործակալության տեղական կենտրոններում, 3159 մարդ հաշվառվեց, 1736 հոգի աշխատանքի տեղավորվեց և 2323 մարդ ներգրավվեց ծրագրում։

Ինչպես նշեց գործակալության տնօրենը, ծրագրով կազմակերպվել են մասնագիտացված ուսուցման դասընթացներ՝ նկատի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և իրենց՝ ուսուցիչների նախընտրությունները, ուսուցիչներին տրամադրվել է դրամական օգնություն՝ 300-500-ական ԱՄՆ դոլարի չափով՝  Հայաստանի շրջաներում ուսուցչական գործունեությունը շարունակելու համար, մատուցվել է հոգեբանական օգնություն, ինչպես նաև անց են կացվել «Քաղաքացիական ծառայություն» թեմայով դասընթացներ։

«Դպրոցական կոլեկտիվի օպտիմալացում և սոցիալական աջակցություն» ծրագիրը մեկնարկել էր 2004թ. հուլիսին՝ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի իրագործմանն աջակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Զբաղվածության ազգային ծառայությունը, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը։--0—