Հուլիսի 15-30-ը Երևանում տեղի կունենա համազգային ուսանողական 13-րդ ֆորումը
Ավանդական համազգային ուսանողական 13-րդ ֆորումը տեղի կունենա հուլիսի 15-30-ը՝ Երևանում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանից բացի ֆորումին կմասնակցեն հայ ուսանողներ շուրջ 70 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից։
Ֆորումի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայ մտավորականների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր։
Սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն նաև Երևանի պետական համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ --0--