Երևանում են «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» խմբի անդամները

13.07.2007, 18:35
Երևանում են «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» խմբի անդամները

ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ուրբաթ Երևանում ընդունեց «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» խմբի անդամներին, որոնք հուլիսի 12-19-ը միջազգային հետազոտական ծրագրի շրջանակներում շրջագայում են Հայաստանում և ԼՂՀ-ում։

Ներկայացուցչության կազմում են Դանիայի Ռազմական ակադեմիայի ղեկավար, գեներալ-մայոր Կարլսեն Մյուլլերը, նույն ակադեմիայի գիտաշխատող Պետեր դալ Տրուելսենը, Ռուսաստանում Դանիայի դեսպանատան ռազմական կցորդ Սորեն Բո Բոյեսենը, ինչպես նաև Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Եվրոպական ինստիտուտի անվտանգության բաժնի պետ, պրոֆեսոր Յուրի Մորոզովը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի-քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում, հանձնաժողովի անդամները նախարարին են ներկայացրել իրենց այցի նպատակը՝ «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» մենագրության հրապարակումը, որն ուղղված է ղարաբաղյան հիմնահարցի, ինչպես նաև Եվրասիայի ու Անդրկովկասի այլ հակամարտությունների հետազոտական վերլուծությանը։  

Մենագրության մեջ Ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին տրամադրվելու է առանձին բաժին, որտեղ կներկայացվեն հայ քաղաքական գործիչների և փորձագետների, ինչպես նաև տվյալ խնդրով զբաղվող միջազգային մասնագետների տեսակետները։

Խմբի անդամների խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում տիրող իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները և բարձր գնահատեց խմբի նախաձեռնությունը։ Հանդիպման վերջում կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։—0—