Հայաստանում մեծ աշխատանք է իրականացվել՝ փախստականների հիմնախնդիրների լուծման գործում. ՄԱԿ ՓՀԳ հանձնակատարի հայաստանյան գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեծ աշխատանք է իրականացվել՝ փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ուրբաթ Երևանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։հայտարարեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան (Bushra Halepota)։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հալեպոտան նշել է, որ հանրապետությունում զգալի աշխատանք է տարվել՝ փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ՝ սկսած բնակարանային ապահովումից մինչև նրանց իրավունքներն ու սոցիալական պաշտպանվածության խնդիրները ներառող օրենսդրական համապատասխան դաշտի ապահովումը։
Նա բավականին կառուցողական և արդյունավետ է որակել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը գործընկեր ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների և հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության հետ։
Հալեպոտան գոհունակությամբ է նշել այն փաստը, որ Հայաստանը միացել է փախստականներին վերաբերող միջազգային համապատասխան կոնվենցիաներին, դեռևս 1999թ. ընդունել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը և այժմ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցելով՝ նախատեսում է այդ օրենքի նոր խմբագրությամբ ընդունում, որն արդեն իսկ ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Հանդիպման ընթացքում Հալեպոտան նաև ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի՝ մինչև այժմ իրականացրած աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ ակնկալելով առաջիկայում ևս ՀՀ կառավարության սերտ համագործակցությունն ու աջակցությունը։
Իր հերթին Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կառավարությանը փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերվող շահագրգիռ համագործակցությունը և օժանդակությունը։ Նա վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կշարունակի նույնպիսի արդյունավետությամբ համագործակցել գրասենյակի հետ՝ փորձելով հնարավորինս լուծել կարիքավոր խմբերի, այդ թվում՝ փախստականների բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները։
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1988-1991թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան է եկել մոտ 360 հազ. փախստական, մոտ 140 հազարն էլ մեկնել է ԱՊՀ երկրներ։
Միգրացիոն գործակալության տվյալների համաձայն, այսօր 80 հազ. փախստական Հայաստանի քաղաքացություն է ստացել՝ չափահաս դառնալուն պես։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով, ևս 120 հազ. հայ փախստական ստացել է այլ երկրների քաղաքացություն։ --0—