ՀՀԿ-ն մտադիր է Սահմանադրությանը նվիրված մի շարք համաժողովներ անել
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մտադիր է Սահմանադրությանը նվիրված մի շարք համաժողովներ անցկացել։ Այս մասին չորեքշաբթի «Հայաստանի Սահմանադրությունը. տեսություն և քաղաքական իրականությունը» համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
«ՀՀԿ-ն ողջունում է նման համաժողովների անցկացումը և մոտ ապագայում մտադիր է անցկացնել սահմանադրական բարեփոխումների և երկրի հիմնական օրենքի այժմյա վիճակին վերաբերող հարցերի մի շարք քննարկումներ», - ասաց նա՝ չպարզաբանելով քննարկումների ժամկետն ու ժամանակացույցը։
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքերով, 2005 թ.-ին անցկացված Հայաստանի Սահմանադրության բարեփոխումը սկիզբ չդրեց օրենսդրության բարեփոխման նոր փուլի։
Դ. Հարությունյանի կարծիքով, անհրաժեշտ է նոր քայլեր պլանավորել, պարզել բարեփոխումների ավարտված փուլերի բացթողումները, ներկայացնել հասարակական քննարկումների արդյունքում մշակված հիմնավորումներն ու ընդհանրացումները։
Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։ Գործող հիմնական օրենքը բաղկացած է 117 հոդվածներից, որոնցում ամրագրված է, որ Հայաստանը անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեից հետո՝ 2005 թ.-ի նոյեմբերի 27-ին, երկրի հիմնական օրենքում էական փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին՝ ստեղծելով որակապես նոր հնարավորություններ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովման համար։
«Հայաստանի Սահմանադրություն. տեսություն և քաղաքական իրականություն» համաժողովիի կազմակերպիչներն են Հայաստանի միասնական ազգային լիբերալ կուսակցությունը (ՄԻԱԿ) և Բրիտանական շրջանավարտների ասոցիացիան։
Քննարկումներին մասնակցում են հայտնի իրավագետներ, օրենսդրության և դատաիրավական բնագավառի փորձագետներ, գիտական գործիչներ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ։--0—

