Վարչապետը ընդունել է Ղազախստանի դեսպան Բոզժիգիտովին

11.07.2007, 15:14
Վարչապետը ընդունել է Ղազախստանի դեսպան Բոզժիգիտովին
Վարչապետը ընդունել է Ղազախստանի դեսպան Բոզժիգիտովին

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  վարչապետը  շնորհավորել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան բացման կապակցությամբ, որի արարողությունը նախատեսված է վաղը։ Նա   հույս է հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աշխատանքը նոր խթան կհանդիսանա ու կնպաստի  Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Դեսպան Բոզժիգիտովը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան, որոնց վերաբերյալ արդեն որոշակի քննարկումներ է ունեցել նաեւ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահի հետ:

Ղազախստանի դեսպանը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին է հանձնել իր երկրի վարչապետ Կարիմ Մասիմովի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ 

 ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը խոսել է նաեւ Ղազախստանի մոտ 25 հազարանոց հայկական համայնքի մասին, ընդգծելով, որ այն եւս հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու փոխգործակցության զարգացման զգալի ներուժ է: Զրուցակիցները կարեւորել են միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը:

 Նշելով, առաջիկա օգոստոսին Ղազախստանում տեղի են ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, դեսպանն ընդգծել է, որ միջազգային դիտորդական առաքելությունների եւ Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների իր գործընկերների բարձր գնահատականին արժանացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների փորձի ուսումնասիրումը կարող է  օգտակար լինել Ղազախստանի համար:-0-