Նախատեսվում է ներդնել ներքին աուդիտի ոլորտի կարգավորման ծրագիր
Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերն են երեքշաբթի Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին, ինչպես նաև ԱՄՆ դրամատան ներքին աուդիտի մշտական խորհրդական Արա Օգուրյանը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում Է. Գոդֆրին նշել է, որ Վ. Խաչատրյանի հետ զրույցի հիմնական նպատակը եղել է Հայաստանում ԱՄՆ դրամատան կողմից ներքին աուդիտի ոլորտի կայացման ծրագրի հետ կապված խնդիրների քննարկումը։
Մշտական խորհրդական Արա Օգուրյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները՝ ներկայացնելով դրանց հիմնական ուղղությունները։
Զրուցակիցները քննարկել են նաև 2007-ի հոկտեմբերին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կայանալիք հանդիպման պատրաստության հետ կապված խնդրիները։
Հանդիպման ժամանակ Գոդֆրին հայտարարել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ժամանակը ավարտվում է։ Նրա խոսքերով ԱՄՆ նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան արդեն Հայաստանում է և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը։
Դիվանագիտական գործունեության ընթացքում Պերինան զբաղեցրել է բազմաթիվ կարևոր պաշտոններ, մասնավորապես՝ 1998-2001-ին եղել է ԼՂՀ և եվրասիական հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում։–0—

