IBF վարկածով նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ցանկանում է ռևանշ վերցնել

10.07.2007, 14:29
IBF  վարկածով նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ցանկանում է ռևանշ վերցնել
IBF  վարկածով նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ցանկանում է ռևանշ վերցնել

Անցած կիրակի իր տիտղոսը ֆիլիպինցի Նոնիտո Դոներին զիջած, գերթեթև քաշային կարգում IBF վարկածով նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հայտարարել է, որ ամպայման կփորձի ետ բերել իր հաղթանակը մարտ-ռևանշի ժամանակ։ 

«Ես շատ վշտացած եմ։ Նա ինձ շատ շեշտակի հարված հասցրեց, բայց ես կվերադառնամ։ Ես անպայման ցանկանում եմ ռևանշ վերցնել, անցյալ մարտի ժամանակ ես չափազանց շատ էի ձգտում նոկաուտի», - մեջբերում է Դարչինյանի խոսքերը Allboxing.ru. կայքը։

Դարչինյանի մենեջեր Մեթ Ուոթն ասաց, որ պատրաստվում է տեղի ունեցածը քննարկել խնամարկյալի հետ և հետո միայն կողմնորոշվել հետագա ծրագրերի վերաբերյալ։

«Սկզբում պետք է պարզել, թե ինչ է ցանկանում ինքը՝ Վախթանգը։ Նա կարող է տեղափոխվել թեթև քաշային կատեգորիա կամ մնալ գերթեթև քաշայինում, մենք պետք է ինչ մանրամասն քննարկենք»,- հայտարարել է Ուոթը։

Նրա կարծիքով, այսօրվա դրությամբ այս հարցերն ավելի կարևոր են, քան այն, թե կլինի՞, արդյոք, ռևանշ Նոնիտոյի հետ, թե ոչ։

«Ես խոսել եմ Վախթանգի փրոմոութըր Հերի Շոուի հետ, սակայն մինչև չխոսեմ Վախթանգի հետ, չեմ կարող պատասխանել մեր հետագա ծրագրերին վերաբերող հարցին», - ասել է Ուոտը։

Հուլիսի 7-ին Բրիջպորտում (ԱՄՆ) 24-ամյա Դոները նվաճեց IBF վարկածով գերթեթև քաշային կարգի տիտղոսը՝ հինգերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նախկին չեմպիոն Դարչինյանին։

Պրոֆեսիոնալ ռինգում սա Դարչինյանի առաջին պարտությունն է։

Անցյալ տարվա հոկտեմբերին Դարչինյանը հաղթանակ տարավ Նոնիտոյի ավագ եղբոր՝ Գլեն Դոների նկատմամբ։

Վիկ Դարչինյանը IBF և IBO (Բոքսի միջազգային կազմակերպություն՝ ԲՄԿ) վարկածով գերթեթև քաշում (մինչև 50,8 կգ.) աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց  2004 թ.-ին։

Նա ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձորում, 2001 թ.-ից պրոֆեսիոնալ բոքսում հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո։ Նա արժանացել է «Կատաղի ցուլ» անվանը։--0—