Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծում է առողջապահության և կրթության բնագավառներում բարձր տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտությունը
Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդգծում է առողջապահության և կրթության բնագավառներում բարձր տեխնոլոգիաների օգտագործման անհարժեշտությունը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս մասին նախարարը հայտարարել է Հայկական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովի ժամանակ (Armenian Technology Congress - ArmTech - 2007)՝ Սան-Ֆրանցիսկոյում։
Իր ելույթում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Հայաստանի առաջընթացը, կայունությունն ու հեռանկարները։ Կարևորելով ժամանակակից տնտեսության զարգացման մեջ բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը՝ Վ. Օսկանյանը նշել է նրանց հատուկ կարևորությունը սոցիալական ծառայությունների բնագավառում, այդ թվում, նրանց կիրառման անհրաժեշտությունը առողջապահության և կրթության բնագավառներում։
Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ներկայացրել է երկրորդ սերնդի բարեփոխումների պահանջները և դրանցով է պայմանավորել հանրապետության զարգացման հետագա հեռանկարները՝ հատկապես ընդգծելով, որ հաջողությունների և բացթողումների պատասխանատվությունը կրում է ողջ հասարակությունը։
Նախարարը նաև շոշափել է տարածաշրջանային համագործակցության հարցերը և առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացրել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առանձին կողմերը։
ArmTech հաջորդ վեհաժողովը տեղի կունենա 2009 թ.-ին։
Հայկական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովը (Armenian Technology Congress - ArmTech - 2007) բացվել է հուլիսի 4-ին՝ Սան-Ֆրանցիսկոյում։
ArmTech – 2007 հայկական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովում հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։
Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Հայաստանի և ԱՄՆ-ի, այև Եվրոպայի, Բրազիլիայի, Կանադայի և այլ երկրների՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող 500-ից ավելի հայկական կազմակերպություններ։
Ընդ որում, վեհաժողովում Հայաստանը ներկայացնում են 50 ընկերություններ, որոնք գործում են այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտությունը և տեխնիկան, օրգանական քիմիան, բիոտեխնոլոգիան և նանոտեխնոլոգիան, էներգետիկան, այլընտրանքային էներգետիկան։--0—