Սփյուռքը պետք է վստահելի կամուրջ դառնա Հայաստանի գլոբալիզացիոն գործընթացների գործում

09.07.2007, 19:14
Սփյուռքը պետք է վստահելի կամուրջ դառնա  Հայաստանի  գլոբալիզացիոն գործընթացների գործում

Սփյուռքը պետք է վստահելի  և արդյունավետ կամուրջ դառնա, որով Հայաստանը պիտի ներգրավվի համաշխարհային գլոբալիզացիոն գործընթացների մեջ։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը։ 

«Անհրաժեշտ է սփյուռքը ներգրավել երկրի ներքին գործընթացներում, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների միջազգային կառույցների միջև համագործակցության գործուն մեխանիզմներ մշակելու գործում»։

Հակոբյանի խոսքերով Հայաստանի և սփյուռքի միջև առկա է բազմակողմանի և խորացված համագործակցություն, որի հետագա զարգացման գործում քիչ դեր չունի երիտասարդ սերունդը։

Այդ իմաստով պատգամավորը կարևորեց տարբեր մակարդակների վրա հայագիտության խորացումը։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել հայագիտության խոշոր կենտրոն՝ սփյուռքի մասնաճյուղերով»,- պարզաբանել է նա։

Ի շարս սփյուռքահայության առջև ծառացած այլ խնդիրների, Հակոբյանը առանձնացրեց  կրթության, դասագրքերի ստեղծման, հայրենիքում արդի մասնագիտություններով դասախոսների պատրաստման հետ կապված խնդիրները։

Պատգամավորը կարծում է նաև, որ հայերը պետք է օգտագործեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները և համատեղ ջանքերով, CNN-ի նմանությամբ, ստեղծեն համազգային հեռուստաալիք։

«Բացի այդ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է մատչելի լինի երկրից դուրս գտնվող բոլոր հայ ընտանիքների համար»,- նշեց նա։

Նրա խոսքերով, Հայաստանում պետք է ստեղծել շահավետ բիզնեսի համար անհրաժեշտ պայմաններ։ Ընդ որում, բարեգործական ծրագրերից ժամանակն է անցնել զարգացման ծրագրերին։

«Աշխարհասփյուռ հայության երիտասարդ սերունդը, հարգելով հանդերձ այն երկրները, որտեղ բնակվում է, պետք է հարգի և սիրի նաև իր հայրենիքը, ազգությունը, պատմությունը, լեզուն և օգտագործի իր գիտելիքներն ու հնարավորությունները նախևառաջ ի նպաստ իր հայրենիքի՝ Հայաստանի»,- հավելել է Հակոբյանը։

Ըստ որոշ տվյալների, սփյուռքի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 10 մլն։

Երևանում 2007թ. հուլիսի 9-11-ը անցկացվող միջազգային խորհրդաժողովը կազմակերպված է Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից (ՀՀԿ)՝ վերջինիս երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցում է 300 ներկայացուցիչ 25 երկրներից, այդ թվում՝ Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկիստանից, Էստոնիայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Ռումիանիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Քուվեյթից, Հորդանանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և ԱՄՆ-ից։-0-