«Հայռուսգազարտ» ընկերությունը մտադիր է իր բաժնետոմսերը տեղադրել արտերկրում

Հայ-ռւսական «ՀայՌուսգազարտ» ընկերությունը մտադիր է իր բաժնետոմսերը տեղադրել օտարերկրյա բորսաներում։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքերով, IPO-ն ծրագրվում է անցկացնել այս տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին։ Արժեթղթերի թողարկման ծավալը կկազմի 1 միլիարդ դոլար։
Բացի դրանից, ՀՀ ԿԲ ղեկավարը հայտնեց, որ մոտ ժամանակներս IPO կանցկացվեն նաև հայկական մի շարք բանկերի կողմից։
«ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհի իրավունք ունի։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 398,8 միլիոն դոլար, բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), Հայաստանի էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։ --0—