Ղարաբաղի նախագահական ընտրությունները այլընտրանքային չեն լինի
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրություններն այլընտրանքային չեն լինի։ Այս մասին Երևանում ուրբաթ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր խմբավորման քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
Դժբախտաբար, պետք է նշել, ասաց նա, որ ԼՂՀ նախագահական ընտրություններն այլընտրանքային չեն լինի, և հանրապետության բնակչությունը տարբեր քաղաքական ծրագրերի և թեկնածուների ընտրության հնարավորություն չի ունենա։
Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ ԼՂՀ նախագահական ընտրություններում դիտարկվում է իշխանամետ և ընդդիմադիր թեկնածուների զարմանալի միասնականություն, իսկ ընտրությունները կոչված են պարզապես միջազգային հանրության մոտ «ժողովրդավարական գործընթացի տպավորություն» ապահովմանը։
Նրա կարծիքով, ԼՂՀ-ում չի նկատվում սուր քաղաքական պայքար, իշխանամետ թեկնածուի հաղթանակը արդեն իսկ կանխորոշված է։
Սաֆարյանն ամփոփեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, ԼՂՀ այս ընտրությունները կարող են սուր բացասական գնահատական ստանալ միջազգային հանրության կողմից։
ԼՂՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն հուլիսի 19-ին։ ԼՂՀ ԿԸՀ-ում ներկայում գրանցված են նախագահական ընտրությունների հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյան (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ), Մասիս Մայիլյան (ԼՂՀ ԱԳ փոխնախարար), Արմեն Աբգարյան (ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր), Վանյա Ավանեսյան (Արցախի պետական համալսարանի դասախոս), Հրանտ Մելքումյան (ԼՂՀ կոմունիստական կուսակցության առաջադրած թեկնածու)։--0—