Երևանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնը մասնակցում է Վենետիկի 52-րդ բիենալեին
Նովոստի-Արմենիա/. Նորարար փորձարարական արվեստի Երևանյան կենտրոնը՝ «ՆՓԱԿ»-ը ներկայացնող նկարչուհի Սոնա Բալասանյանի աշխատանքը ցուցադրվում է Եվրոպայի մշակութային գլխավոր իրադարձություն՝ Վենետիկի 52-րդ բիենալեում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «ՆՓԱԿ-ի» հիմնադիր Էդվարդ Բալասանյանը, բիենալեին մասնակցելու համար հայ նկարչուհին ներկայացրել է տարածական տեսա-ինստալիացիա՝ պատերազմի թեմայով։
«Ինստալիացիայի թեման բողոքն է պատերազմի, ինչպես նաև պատերազմական դաժանության և դրա հետևանքների դեմ», - ասել է նա։
Բալասանյանը տեղեկացրեց, որ Վենետիկի բիենալեում հայ նկարչուհու ինստալիացիան ցուցադրվում է երեք սրահներում՝ մի քանի էկրանների վրա։
«Սրահներից մեկում ցուցահանդեսի այցելուները կարող են ծանոթանալ զինծառայողի՝ իր անցյալին վերաբերող հիշողություններին։ Մյուս էկրանին կարելի է տեսնել զինծառայողի մորը, որն, իր հերթին, կիսվում է որդու մասին իր մտահոգություններով։ Մյուս սրահում ցուցադրվում են պատերազմական գործողությունների կադրեր, ինչպես նաև դրանց հետևանքները», - պարզաբանեց նա։
Միաժամանակ կենտրոնի հիմնադիրը նշեց, որ Հայաստանը վենետիկյան բիենալեին մասնակցում է յոթերորդ անգամ։ «Հաղթանակը այնքան էլ կարևոր չէ մեզ համար։ Արվեստի հայ գործիչների աշխատանքները միշտ աչքի են ընկել բարձր վարպետությամբ և ստացել են դրական արձագանքներ», - ավելացրել է Բալասանյանը։
Ժամանակակից արվեստի ցուցահանդեսին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 1995 թ.-ին։
Հունիսին սկսված և նոյեմբերին ավարտվելիք վենետիկյան 52-րդ բիենալեի ծրագիրը բաղկացած է հինգ փառատոններից. ժամանակակից պարի միջազգային փառատոն, թատերական փառատոն, վենետիկյան միջազգային կինոփառատոն, ժամանակակից երաժշտության փառատոն, գեղարվեստական ցուցահանդես։
Ժամանակակից արվեստի ցուցահանդեսը Վենետիկում բացվել է հունիսի 10-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 21-ը։
Այա տարի գեղարվեստական ցուցահանդեսին կմասնակցեն նկարիչներ՝ աշխարհի 64 երկրներից, որոնք ներկայացնում են ժամանակակից արվեստը և «զգացմունքներով մտածելու, մտքով զգալու» իրենց ունակությունը։ Ավանդաբար, մասնակիցների տաղավարները տեղակայվում են «Բիենալեի այգիներ» պարտեզում՝ Սան-Մարկոյի գետափից ոչ հեռու։
«ՆՓԱԿ-ը» (Armenian Center for Contemporary Experimental Art) գրանցվել է Հայաստանում 1995 թ.-ին։ Կենտրոնի հիմնադիրներն են ամերիկահայեր Սոնյա և Էդվարդ Բալասանյանները։ --0—

