Եվրախորհուրդը մեծ սպասումներ ունի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից. ԵԽԽՎ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/։ Եվրախորհուրդը մեծ սպասումներ ունի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից։ Այս մասին չորեքշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը։
«Հայաստանը Եվրախորհրդի լիարժեք անդամ է, և պետք է կատարի Եվրախորհրդի առջև ունեցած պարտավորությունները», - ասաց նա։
ԵԽԽՎ ղեկավարը նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ մոնիտորինգի տակ, ինչը շատ օգտակար է պարտավորությունների կատարման փուլում։ Նրա խոսքերով, «դա պատժամիջոց չէ, այլ՝ օգնություն»։
«Նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանը տեսնել բաց, ժողովրդավարական երկիր, պետք է պայքարեն, որ Հայաստանը շարունակի մնալ ԵԽ մոնիտորինգի տակ», - ասաց Ռենե վան դեր Լինդենը։
ԵԽԽՎ ղեկավարը կարծում է, որ Եվրոմիության հարևանության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար, քանի երկիրն ուղիղ կապեր ունի եվրոպական շուկաների հետ և ավելի լավ կարող է ընդունել եվրոպական չափանիշներն ու ընթացակարգերը։
«Այդ ժամանակ Հայաստանը պատրաստ կլինի ընդունել այն հնարավորությունները, որոնք տալիս է եվրոհարևանության ծրագիրը, իսկ ԵՄ անդամակցության մասին կարելի կլինի մտածել ապագայում», - ասաց նա։
Ռենե վան դեր Լինդենը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցով։ Այնուհետև նա կմեկի Վրաստան (5-7 հուլիսի), ապա՝ Ադրբեջան (8-10 հուլիսի)։
Հայաստանը Եվրախորհուրդ է ընդունվել 2001 թվականի հունվարի 25-ին։ –0--

