Երևանում տեղի կունենա ջազային համերգ «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» խորագրով

04.07.2007, 14:24
Երևանում տեղի կունենա ջազային համերգ «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» խորագրով

Հինգշաբթի, Երևանի կենտրոնում տեղի կունենա ջազային համերգ բաց երկնքի տակ «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» («All different, all equal») խորագրով, Եվրոպական շարժման շրջանակներում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Գաֆեսչյան թանգարան» հիմնադրամում, իրենց վարպետությունը ջազային երաժշտության մեծաքանակ երկրպագուներին կներկայացնի հայկական հանրահայտ ջազ-բենդը՝ ջազմեն Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Ջազ-բենդը կկատարի հայտնի երաժիշտների ստեղծագործություններ, որոնք իրենց երաժշտությամբ կոչ են անում ընդլայնել մշակութային սահմանները աշխարհի տարբեր ժողովուրդների միջև:

Համերգի բացմանը ելույթ կունենան Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրթյանը և Հայաստանում ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Ջազի երեկոյի կազմակերպիչներն են Երևանում ԵԽ-ի տեղեկատվական կենտրոնը՝ «Գաֆեսչյան թանգարան» հիմնադրամի հետ համատեղ:--0—