ԼՂՀ նախագահին շնորհվել է Ռուս-Հայկական համալսարանի «Պատվո շքանշան»

03.07.2007, 20:31
ԼՂՀ  նախագահին շնորհվել է Ռուս-Հայկական համալսարանի «Պատվո շքանշան»

 Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհվեց Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՀՀ) «Պատվո շքանշան»:

«ՌՀՀ «Պատվո շքանշանը» Ղուկասյանին շնորհվեց բազմամյա արդյունավետ քաղաքական և դիվանագիտական գործունեության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ամրապնդման և միջազգային ճանաչման գործում մեծ ավանդի, հայրենասիրության և անձնվիրության համար»,- երեքշաբթի  հայտարարեց ՌՀՀ ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Երևանում հուլիսի 1-ից 8-ը Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի կազմակերպած Ամառային դպրոցի մասնակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Դարբինյանի խոսքերով Լեռնային Ղարաբաղը ողջ Հայաստանի սերն է: «Լեռնային Ղարաբաղն այն կետն է, որի վրա հայերը գիտակցեցին իրենց ազգային արժանապատվությունը, հպարտությունը և անկախ գոյության ողջ արժեքը»,- նշեց նա:

ՌՀՀ ռեկտորը ընգծեց, որ Ղարաբաղը արդեն 15 տարի կառուցում է իր անկախ պետականությունը, իսկ սոցիալական, հասարակական կառույցները և տնտեսությունը վերելք են ապրում: Նա հավելեց, որ այսօր քիչ է տեղեկատվությունը Ղարաբաղի ժողովրդի կյանքի և երկրի զարգացման մասին:

Դարբինյանը վստահություն հայտնեց, որ Ղարաբաղն ունի արժանի և անկախ կյանքի, Հայաստանի հետ արդյունավետ և գործուն կապի իրավունք:

«Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի ժողովուրդը կհասնի այն նպատակների իրագործմանը, որոնք ծառացած են ողջ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի առջև»,- եզրափակեց նա: --0—