Երևանում նշվեց խորհրդային ականավոր գիտնական Լևոն Օրբելու 125-ամյակը

03.07.2007, 13:36
Երևանում նշվեց խորհրդային ականավոր գիտնական Լևոն Օրբելու 125-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում /ԳԱԱ/  երեքշաբթի տեղի ունեցավ հոբելյանական նիստ՝ նվիրված խորհրդային ականավոր գիտնական-ֆիզիոլոգ Լևոն Օրբելու ծննդյան 125-ամյակին։

Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի քարտուղար-ակադեմիկոս, ԳԱԱ նախագահության անդամ Վիլեն Հակոբյանը, Օրբելին անգնահատելի ներդրում է ունեցել բժշկության զարգացման մեջ։ Նա նշել է, որ մեծ գիտնականի՝ բժշության բնագավառում կատարած աշխատանքները արժանացել են միջազգային ճանաչման։

Հակոբյանն ավելացրեց, որ բացի մասնագիտական հատկանիշներից, Օրբելին առանձանում էր նաև որպես «հրաշալի անձնավորություն»։

Միաժամանակ, ակադեմիկոսը նշեց, որ այնպիսի մասնագետներն ու անհատականությունները, ինչպիսին Օրբելին էր, պետք է միշտ մնան ժողովրդի և ապագա սերունդների հիշողության մեջ։

Ականավոր ֆիզիոլոգ Լևոն Օրբելին (1882 – 1958 թթ.) հայտնի է վեգետատիվ նյարդային համակարգի ոլորտում կատարած իր գիտական հետազոտություններով։ Նա ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է, Սոցիալական աշխատանքի հերոս, պարգևատրվել է Վ.Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։

1922թ. Օրբելին, իր ուսանող Ա.Գ. Գինեցինսկու հետ միասին, բացահայտեց ֆիզիոլոգիական օրինաչափությունը, որը հայրենական և օտարերկրյա գիտության մեջ ստացավ «Օրբելու-Գնեցինսկու ֆենոմեն» անվանումը։

Օրբելին իրավամբ համարվում է ոչ միայն նոր գիտության՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը, այլև մեծ գիտական ֆիզիոլոգիական դպրոցի ստեղծողը։ Ներկայումս Օրբելու գաղափարները մշակվում են նրա աշակերտների և հետնորդների կողմից՝ ՌԳԱ Ս.Պետերբուրգի Ի.Մ. Սեչենովի անվան Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտում և Երևանի՝ նրա անունը կրող Ֆիզիոլոգիայի ինստիտուտում։

Օրբելու աշխատությունները կանխորոշել են էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի զարգացումը։ Օրբելու կարևոր հետազոտություները վերաբերել են էքստրեմալ պայմաններում օրգանիզմի կենսագործունեության հարցերին։  Նա իրավամբ համարվել է ԽՍՀՄ-ում գիտական գործի ականավոր կազմակերպիչ։

1932 թ. Օրբելին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկական և բնական գիտությունների բաժանմունքի թղթակից-անդամ, իսկ բժշկական գիտությունների դոկտորի աստիճանը նա ստացել է առանց գիտական թեզի պաշտպանության՝ 1934 թ-ին։ Նույն տարում գիտնականը ստացել է ՌՍՖՍՀ վաստակավոր գիտական գործչի կոչում, իսկ 1935թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, միաժամանակ՝ նաև ԳԱ նախագահության անդամ։

Ի.Պ. Պավլովի մահից հետո, 1936-1950թթ., նա գլխավորել է ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիոլոգիական ինստիտուտը։

1943 թ. գիտնականը Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից և ակադեմիկոսներից մեկը եղավ։ 1944թ. նրան շնորհվել է ռազմական բժիշկների բարձրագույն՝ բժշկական ծառայության գեներալ-գնդապետի կոչում։ Օրբելին պարգևատրվել է ԽՍՀՄ ԳԱ Ի.Ի.Մեչնիկովի անվան Ոսկե մեդալով՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ոլորտում ունեցած ուսումնասիրությունների ամբողջության համար (1946թ.)։

Նա ԽՍՀՄ ԳԱ Ի.Պ. Պավլովի անվան մրցանակի (1937թ.) և Պետական մրցանակի դափնեկիր (1941թ.) է, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945թ.), ինչպես նաև մի շարք օտարերկրյա ակադեմիաների պատվավոր դոկտոր և ակադեմիկոս։ --0—