Արևմտյան Հայաստանն Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր․ Փաշինյան

13.03.2025, 23:38
Փաշինյանը թուրքական ԶԼՄ–ներին հայտարարել է, որ իմ ընկալմամբ՝ արևմտյան Հայաստանն Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր
Արևմտյան Հայաստանն Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իմ ընկալմամբ՝ արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։

«Մեր Սահմանադրությունում արևմտյան Հայաստան արտահայտություն չկա, արևմտյան Հայաստան արտահայտություն կա այլ տեղերում, բայց Սահմանադրության մեջ չկա: Ես բոլորին վերջերս մի եթերով հրապարակային հայտարարեցի, որ իմ ընկալմամբ՝ արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես այդ հայտարարությունն անում: Ինչո՞ւ, Հայաստանում դրա վերաբերյալ տարբեր վարկածներ կան, թե ես ինչո՞ւ եմ այդ հայտարարությունն անում, որովհետև ես պրակտիկ խնդիր ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատասխանելու այն հարցին, որի մասին քիչ առաջ հիշատակում էի։ Որովհետև ես շատ ուղիղ եմ ասում մեր հանրությանը», – ասել է նա։

Նրա խոսքով, գոյություն ունեն ինտերնետ, սոցցանցեր, բոլոր հրապարակային հայտարարությունները վայրկյանների ընթացքում հայտնվում են ամենուր, և ջնջվել է այդ սահմանը, թե խոսվում է հայ հանրության հետ, թե միջազգային, թե տարածաշրջանային։

«Մեր հանրությանն իմ հիմնական ուղերձը հետևյալն է, ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք մեզ նայել, հասկանալ նաև ուրիշների ընկալումը մեր մասին, ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին և միջազգային հանրությանը։ Եթե մենք տարածաշրջանին և միջազգային հանրությանը տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք և տեսեք թե ինչ տարածքային և այլ փոփոխություններ կբերենք տարածաշրջանին, բնականաբար բոլորը կամ առնվազն մի մասը մեզ կընկալեն որպես սպառնալիք։ Եվ եթե մենք լսենք նման հայտարարություններ մեր հարևաններից, մենք էլ դա կընկալենք որպես սպառնալիք, ինչը և եղել է: Եկեք չթաքցնենք, միջին վիճակագրական ընկալումը Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհուպ քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է, պարտադիր չէ, որ պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաև պաշտոնական մակարդակում, դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար», – ասել է նա։