Անվտանգության խորհրդակցությունների մասին Հայաստանի դիմումի հետ կապված ամեն ինչ Ռուսաստանը կքննարկի լրացուցիչ. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այն ամենն, ինչ կապված է հատուկ ձևաչափերի հետ, Հայաստանի՝ Ռուսաստանին անվտանգության խորհրդակցությունների դիմելու վերաբերյալ, կքննարկվի լրացուցիչ, հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խորհրդակցությունների սկսելու խնդրանքով՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել Հայաստանին՝ վերջինիս անվտանգության ապահովման համար:
Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ հրապարակված հայտարարության համաձայն, ռուսական կողմը հաստատում է իր հավատարմությունը ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, ներառյալ 1997 թ. Օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորությունները: Այս պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի գործողության դեպքում:
Նա ընդգծել է, որ պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
«Տվյալ դեպքու խոսքը Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման մասն է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի հետ կապված: Ամենը, ինչ կապ ունի քննարկման կոնկրետ ձևաչափերի հետ, կքննարկվի լրացուցիչ»,- հայտնել է Զախարովան:
Փաշինյանի՝ Պուտինին ուղղված այսօրվա նամակում նշվում է, որ հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ «ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռուսականը կողմը կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զինադադարի, դեէսկալացիայի և կառուցողական բանակցությունների վերականգնմանը: -0-
