ԱՄՆ–ի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղությանը նպաստող տարբեր նախաձեռնություններ․ ԱԳՆ–ն՝ Թրամփի խորհրդականի հայտարարության մասին

15.05.2025, 11:21
ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է  Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, ով հնարավոր է համարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կմիանան Խաղաղության մասին Աբրահամի համաձայնագրերին
ԱՄՆ–ի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղությանը նպաստող տարբեր նախաձեռնություններ․ ԱԳՆ–ն՝ Թրամփի խորհրդականի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, ով հնարավոր է համարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կմիանան Խաղաղության մասին Աբրահամի համաձայնագրերին։

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա: 

Ուիթքոֆը ամերիկյան Breitbart վեբկայքին տված հարցազրույցում ենթադրել է, որ մոտ ապագայում նկատելի կլինեն հարաբերությունների նորմալացման հնարավորություններ Լիբանանի և նույնիսկ Սիրիայի հետ։ «Նրանց կողմից եղել են հզոր դրական ազդակներ։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Դա կարող է տեղի ունենալ, և ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին երկրների միանալու մասին, խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, մեր կարծիքով, շատ, շատ մոտ ենք այդ հակամարտությունների վերջնական կարգավորմանը», – հայտարարել է դիվանագետը։