Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Այս մասին Փաշինյանը գրել է Facebook–յան իր էջում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ», – գրել է նա։
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ իր հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ ԱԳՆ–ից նշել են, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13–ին հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի ներկա բովանդակությունը կարելի է համարել փոխադարձ զիջումների այն տարբերակը, որն ընդունելի է Հայաստանի համար։ Նրա խոսքով, պայմանագրի երկու կետերը, որոնց շուրջ կողմերը որոշակի ժամանակ չէին կարողանում գալ համաձայնության և որոնց շուրջ հասել են կոմպրոմիսի, վերաբերում են Հայաստան–Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, ինչպես նաև միջազգային դատարաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի փոխադարձ հետկանչմանն ու միմյանց նկատմամբ գործողություններ չկատարելուն։ Ավելի վաղ այս երկու տարաձայնությունների մասին էր խոսում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։