Ադրբեջանում պահվող անձանց և ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է․ Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթին

29.10.2025, 18:11
Նրա խոսքով, մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը
Ադրբեջանում պահվող անձանց և ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է․ Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։

Նրա խոսքով, մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը։

«Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր», - նշել է Սիմոնյանը։

Նա հայտնել է, Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

«TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև»,-ասել է Սիմոնյանը։ 

Սիմոնյանը նաև հայտնել է, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը։