ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի և Թուրքիայի` ռասիզմի և խտրականության վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության աղավաղված մոտեցումները խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և նպաստում անկայունությանը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։
Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թուրք աշխարհի աշխարհագրական պառակտմանը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե իրենք անելու են հնարավորինս` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։
«Ադրբեջանի նախագահը (Թյուրք խորհրդի, որ կայացել է նախօրեին Բաքվում` խմբ.) թուրքալեզու պետությունների գործակցության խորհրդի 7–րդ համաժողովում հերթական անգամ կրկնել է Հայաստանի և հայկական տարածքների նկատմամբ նկրտումները, այս անգամ համեմելով դրանք պանթուրքիստական շեշտադրումներով»,– նշել է Նաղդալյանը, ավելացնելով, որ «սա նույնպես ընդգծում է տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման մեր առաջնահերթությունը»։
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև Էրդողանի այն հայտարարությանը, որ Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակահատվածում չի իրականացրել և չի իրականացնի քաղաքացիական բնակչության կոտորած։
«Նրանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24–ին Թուրքիայի նախագահն իր հայտարարությունում փորձ արեց արդարացնել հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունն իր պատմական հայրենիքում, նրա ոչ մի հայտարարություն այդ թեմայով արժանի չէ մեկնաբանությունների»,– ասել է նա։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում