ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժումն Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու մասին իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին, հայտնել է շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը
«Մոտենում ենք եզրագծին, առաջիկա օրերը արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նա։
«Ազատություն»ռադիոկայանի տեղեկացմամբ` «Նոր Հայաստան» շարժումն այսօր իրազեկել է քաղաքային իշխանություններին, թույլտվությունը դեռ չկա: Առայժմ չեն արձագանքել նաև իրավապահները՝ առաջարկին հանդիպել և քննարկել անվտանգության լրացուցիչ միջոցների հարցը։
«Մենք վստահում ենք մեր ժողովրդին, ոչ թե գործող հակահայ ռեժիմը ներկայացնող իրավապահ մարմիններին, սակայն անպայման իրենց առիթ տալու ենք, որ իրենց գործառույթում գործեն։ Իսկ եթե չենթարկվեն այս պահանջին, մեր ժողովուրդը կստիպի»,- ասել է Սեֆիլյանը։
Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ իշխանափոխությունը օրերի հարց է, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արվելու մինչև Սահմանադրական հանրաքվեն։
«Եթե նա գիտակցի պահի լրջությունը և հերթական անգամ չփորձի արհամարհել հայ ժողովրդին, առնվազն իրեն սպասում է յանուկովիչյան տարբերակը։ Իսկ եթե նա փորձի դիմադրել, շատ ավելի վատթարագույնը կարող է լինել, մինչև Չաուեսկուի տարբերակը։ Ընտրությունը նրանն է, մեր հորդորն է, որ ռեժիմի պարագլուխը փորձի նահանջը կազմակերպել ոչ բռնությամբ, և այս ամբողջից մենք դուրս գանք խաղաղ մեթոդով»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ -0-