ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ հայկական կողմը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում 2022թ.–ի դեկտեմբերի 23–ին ադրբեջանցիների հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար։
Զախարովայի կարծիքով, այդ հանդիպումը կարելի էր օգտագործել խնդրահարույց սյուժեները, այդ թվում` Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը քննարկելու համար։
«Բայց, ինչևէ, մեր առաջարկը մնում է ուժի մեջ, մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների համար», – նշել է նա այսօր ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան ընդգծել է, որ ՌԴ–ին անխոս մտահոգում է վերջին շաբաթվում Բաքվի և Երևանի հարաբերություններում նկատվող բացասական միտումները, կտրուկ հռետորաբանության ակտիվացումն ու մեղադրանքների փոխանակումը, ինչն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով։
«Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխզիջումներ։ Մենք դրան ամեն կերպ կաջակցենք», – ասել է նա։
Զախարովան ավելի վաղ հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ. «Դրա համաձայնությունը տրվել է երկու երկրների ղեկավարների կողմից։ Դրա համար ամեն ինչ պատրաստվել էր: Բայց հենց Հայաստանի ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ–ադրբեջանական կարգավորման այլ օրհասական հարցեր, այդ թվում` իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում