Երևանը կառուցողական դիրքորոշում ունի ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարման գաղափարի հարցում, բայց ուզում է համոզվել, որ Բաքուն չունի տարածքային պահանջներ․ Փաշինյան

19.12.2024, 21:20
Փաշինյանը նաև մեկնաբանել է փախստականների վերադարձի իրավունքը, որն առաջ է քաշում Ադրբեջանը
Երևանը կառուցողական դիրքորոշում ունի ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարման գաղափարի հարցում, բայց ուզում է համոզվել, որ Բաքուն չունի տարածքային պահանջներ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ։

«Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ», – ասել է Փաշինյանն «Արմենպրես»–ին տված հարցազրույցում։

Նա նաև մեկնաբանել է փախստականների վերադարձի իրավունքը, որն առաջ է քաշում Ադրբեջանը։

«Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները», – ասել է Փաշինյանը։

Հետևաբար, նրա խոսքով, մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ:

 

«Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արևմտյան և Հայաստանի արևելյան սահմանների անվտանգությունը», – ասել է նա։