ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդումների համաձայն՝ հուլիսի 12-13-ը հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը հանգեցրել է կորուստների: Տարբեր տրամաչափի հրետանի է կիրառվել երկու ուժերի կողմից:
Նշվում է, որ կողմերը միմյանց են մեղադրել պայքարը սկսելու մեջ: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կանխելու իրավիճակի հետագա բոլոր սրումները, այդ թվում և նրանց միջև առկա անմիջական շփման ուղիների օգտագործումը:
«Մինսկի խմբի համանախագահները նաև կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերականգնել կայուն բանակցությունները և ընդգծում են ԵԱՀԿ դիտորդներին տարածաշրջան վերադարձնելու կարևորությունը հենց որ պայմանները թույլ տան»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման մասին
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
Հայկական կողմից կորուստներ չկան: ՊՆ խոսնակի հաղորդմամբ, այսօր թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:-0-