Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. ԱԳ նախարար

16.02.2023, 12:48
Միրզոյան այսօր հայտարարեց, որ որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները
Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ նախօրեին Թուրքիա կատարած այցին:

Նա նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները: Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ: Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարության գործունեության ծրագրում ընդգծվել է տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու Հայաստանի տեսլականը:

«Խոսեցիք Անիի կամրջի մասին, մենք էսքիզային նախագիծ բավական երկար ժամանակ առաջ պատրաստել ենք: Դա կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ», - ասաց Փաշինյանը:-0-