ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվածություններ են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ։
Այս մասին,
ՌԲԿ–ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նա ավելացրել է, որ մնացել է այդ կետերը կյանքի կոչել։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:–0–