ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սասնա Ծռերն» Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել` ներկայացնելով ելքեր ստեղծված իրավիճակից, իսկ հետո նախատեսում է կազմակերպել երթ։
Modus Vivendi հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համաձայնագրի չեղարկումն ու պետական ճգնաժամի կարգավորումը։
Նոյեմբերի 11–ին Ազատության հրապարակում մեկնարկել էր 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որը շարունակվել է կառավարության և Ազգային ժողովի շենքերի մոտ։ Հանրահավաքի նպատակն է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի` ի նշան Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ բողոքի, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Բերման է ենթարկվել մոտ 130 մարդ։ ՀՔԾ–ն հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ «Զանգվածային անկարգություններ» հոդվածով։–0–