Ռուսաստանը խորապես շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան խորապես շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք զբաղվում ենք հարցերով, որոնք, մեր կարծիքով, չափազանց արդիական են՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցով՝ ելնելով մեր խորը շահագրգռվածությունից, որպեսզի մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղ և բարիդրացիության մեջ», – ասել է Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ։ «Մենք դրանում կենսականորեն շահագրգռված ենք, ի տարբերություն այն երկրների, որոնք գտնվում են Հարավային Կովկասից հեռու և առաջ են քաշում բոլորովին այլ օրակարգ, որի նպատակն է հնարավորինս երկար պահպանել լարվածությունը՝ հուսալով, որ այդ լարվածության շրջանակում նրանք ավելի արդյունավետ առաջ կմղեն իրենց աշխարհառազմավարական շահերը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել առաջնորդների մակարդակով՝ Երևանի և Բաքվի համաձայնությամբ։
«Մենք մասնակցում ենք այդ աշխատանքին այն մակարդակով, որքանով մեր մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից։ Ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։