ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական «աստառ»՝ հեռու Անդրկովկասում կարգավորման շահերից և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երկուշաբթի տարածած
մեկնաբանության մեջ։
«Եվրամիության ներկայացուցիչները, ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը, խորամանկում են: Այն ծավալվում է ԵՄ-ի ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է դրան համապատասխան վերաբերվել: Ցավոք սրտի, առաջին անգամ չէ, որ մենք ֆիքսում ենք մեզ դաշնակից Հայաստանում ամեն կերպ ամրապնդվելու Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի ձգտումը: Այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական «աստառ», որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից: Ամեն ինչ արվում է Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու և որպես անվտանգության գլխավոր երաշխիք՝ նրա պատմական դերակատարությունը թուլացնելու համար: Անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության հրապարակային արտահայտված բացասական գնահատականները», - նշել է Զախարովան:
Նրա խոսքով, տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորման գործում ԵՄ մասնակցության փորձը միանշանակ չէ։ Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ, միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս։
«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունները տեսանելի ապագայում մնում են տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը: Դրանց համապարփակ իրականացումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, երկու երկրների հանրության, փորձագետների, կրոնական շրջանակների, խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված բանակցությունները տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենաուղղակի ճանապարհն են։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Եվրամիության խորհուրդն այսօր
հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակում։
2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը Հայաստանում գործել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMCAP): 40 քաղաքացիական մասնագետներ մոնիթորինգ են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում գտնվող հայկական տարածքում՝ տարածաշրջանում իրավիճակի վերլուծության և հաշվետվություններ կազմելու նպատալով։–0–