Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով», – նշվում է ՌԴ արտգործնախարարության կայքում։
Նախարարների զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է երկու երկրների ջանքերի համակարգմանը` ոււղղված Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը։ Քննարկվել է բոսնիական կարգավորմանն աջակցելու համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում` բազմակողմ ձևաչափերի կիրառմամբ։
Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի մի շարք հարցերին և երկկողմ կապերի առանցքային կողմերին։
Լավրովի և Չավուշօղլուի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Հռոմում «Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում։–0–